Նորություններ

Պահոց

Ամիս
Տարի
 

Երևանը ընդլայնում է արտաքին կապերը

Երևանը ընդլայնում է արտաքին կապերը


Երեւանն ունի 22 քույր քաղաք, ընդհանուր առմամբ համագործակցում է աշխարհի 30 քաղաքների հետ։ Այժմ անդամակցում է միջազգային 6 կազմակերպությունների՝ ԱՊՀ երկրների մայրաքաղաքների, Սեւծովյան քաղաքների համագործակցության, ֆրանսախոս քաղաքների եւ պատմական ժառանգություն համարվող քաղաքների, խոշոր համայնքների ու քաղաքների լուսավորման ասոցիացիաներին։
Այս մասին մամուլի ասուլիսում երկուշաբթի տեղեկացրեց քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը։



Ըստ բանախոսի`  այդ քաղաքների հետ համագործակցությունն իրականացվում է ոչ միայն այս կամ այն տոնակատարության, այլ գործակցության որոշակի ծրագրերի եւ պայմանագրերի շրջանակներում։
Վերջերս Երեւանի քաղաքապետի այցը Դոնի Ռոստով համագործակցության հերթական փուլն էր։ Այցի ընթացքում հստակեցվել է Դոնի Ռոստովի հետ համագործակցությունը տնտեսության, քաղաքաշինության եւ կրթության ոլորտներում։
Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը հուլիսի 10-ին Հունգարիայի Շոպրոն քաղաքում մասնակցել է հայ-հունգարական բարեկամության հուշարձանի վերաբացմանը։ Դ. Գեւորգյանի գնահատմամբ, սա հետաքրքիր միջոցառում էր, քանի որ հունգարական այդ քաղաքում հայկական համայնք չկա, բայց կա <<Երեւան>> թաղամաս, որտեղ էլ վերաբացվել է 1977-ին Շոպրոնի հեռավոր արվարձաններից մեկում տեղադրված հայ-հունգարական բարեկամության հուշարձանը։ Շոպրոնի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը։
Երեւանի մյուս բարեկամը ֆրանսիական Լիոն քաղաքն է։ Առաջիկայում Էրեբունի համայնքի Վարդավառի այգում կհիմնվի Լիոնի այգին, որտեղ կլինեն երեխաների հանգստին անհրաժեշտ բոլոր պայմանները։
Երեւանի հիմնական գործընկերոջ՝ Մոսկվայի հետ ծրագրերը բազմաբնույթ են։ Երեւանում այժմ կառուցվում է Մոսկվայի տունը, իսկ ՌԴում, Հայաստանի տարվա ծրագրի շրջանակներում, Երեւանի քաղաքապետարանի կողմից Մոսկվայում մի շարք միջոցառումներ են նախատեսված։
Նշվեց, որ Երեւանի քաղաքապետարանը ընդլայնելու է արտաքին կապերի աշխարհագրությունը. Երեւան է հրավիրվելու Բուենոս Այրեսի քաղաքապետը, թարմացվելու են նաեւ Կանադայի Մոնրեալ քաղաքի հետ կապերը։

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայություն
Share |